Պաշտպանենք հանրակրթության մասնակցային կազմակերպման ֆինանսական մոդելը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո վարչապետ.  
Ձեր ուշադրությունը հրավիրում ենք Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆինանսավորման հետ կապված հարցին: ՀՀ 2021թ. պետական բյուջեի «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի դրամաշնորհի պայմանագիրը լիազոր մարմին ՀՀ ԿԳՄՍՆ կողմից դեռ կնքված չէ, չնայած ՀՀ կառավարության 30.12.2020թ. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N2215 որոշման՝ իր հավելվածներով, որով դրամաշնորհը հատկացված է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ին, ծախսերի եռամսյակային (աճողական) համամասնություններով։ Կրթահամալիրը սահմանված ձևով, ժամկետներում ԿԳՄՍՆ ներկայացրել է պայմանագրի կնքման համար անհրաժեշտը՝ ծրագրի 2020թ. հաշվետվությունը, ծրագրի 2021 թ. միջոցառումները՝ որպես կնքվող պայմանագրի հավելված։ Կրթահամալիրի կառավարման խորհուրդը հաստատել է կրթահամալիրի 2021թ. դրամական մուտքերի և ծախսերի նախահաշիվը՝ ծրագրի միջոցների հաշվառումով, որը ամբողջությամբ մանկավարժական աշխատողի աշխատավարձ է։ Կցում ենք 12.02.2021թ. 21-02-040 գրությունը, որով կրթահամալիրի խորհրդի նախագահը և կրթահամալիրի տնօրենի պաշտոնը կատարողը  խնդիրը ներկայացրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար պարոն Դումանյանին (հավելված 1)։  

Վերոնշյալ ծրագրի ամենամյա դրամաշնորհով 2005թ. սկսած՝ ապահովվում է կրթահամալիրի ամբողջականությունը՝ իր կանոնադրական առարկայով, նպատակներով, խնդիրներով, կազմակերպմամբ, կրթահամալիրի գործունեության շարունակականությունը, անընդհատությունը։ Ծրագրի միջոցներով վճարվում է հիմնական աշխատավարձ հիսունից ավելի աշխատողների՝ նախադպրոցական դաստիարակների, հեղինակային մանկավարժությամբ ստեղծված ուսումնական կենտրոնների, ստեղծագործական խմբերի ղեկավարների, մասնագետների։ Աշխատողների հետ կնքված են աշխատանքային պայմանագրեր. ինչպես անցած տարիներին, նրանք լիարժեք աշխատել են 2021-ի հունվար ամսին, աշխատում են փետրվարին։  Դրամաշնորհը հնարավորություն է տալիս արդեն 400-ից ավելի 2-5 տարեկանների նախադպրոցական կրթության, հեղինակային մանկավարժությամբ ստեղծված բաց համակարգով՝ լրացուցիչ ուսուցման, օժտվածության զարգացման ծառայություններ մատուցելու հազարից ավելի տարատարիք սովորողների։ Դրամաշնորհով վճարվում է մանկավարժական աշխատողների աշխատավարձը, իսկ ծնողական վճարներով կատարվում են մնացած ծախսերը՝ սննդի, նյութական միջավայրի զարգացման, կահավորման, պիտույքների, սարքավորումների, գործիքների և այլ։ Նշված ծախսերն արտացոլված են կրթահամալիրի խորհրդի հաստատած 2021թ. նախահաշվում։ Բերում ենք մի ցուցանիշ. կրթահամալիրի դրամական մուտքերի մեջ ոչ պետական հատկացումները 40 տոկոս են կազմում։  

Հարցը վերաբերում է նաև ՀՀ օրենքով որոշված պետական այլընտրանքային, հեղինակային կրթական ծրագրին, ծրագրի ազատ ընտրության, շարունակականության, մատչելիության սկզբունքներին, նոր որակի աշխատանքի համար պետական աջակցություն ստացող հեղինակային կրթական ծրագիր մշակող, կազմակերպող, տարածող հարյուրավոր ուսուցիչների։  

Մերժելի են ֆինանսական հնարավոր դժվարությունները կրթահամալիրի գործունեության և աշխատողների հաշվին լուծելու ԿԳՄՍՆ փորձը, խնդիրը իրավական ընթացքով, մեզ հետ բաց քննարկման միջոցով լուծելուց խուսափելը։  

Տեղն է, որ որպես հիմնադիր՝ ՀՀ կառավարությունը պաշտպանի պետական այլընտրանքային, հեղինակային՝ Հայաստանում այսօր միակ հանրային դպրոց-ծրագրի՝ իր ստեղծած ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» փորձարարական-հետազոտական միավորման շարունակականությունը՝ ԿԳՄՍ նախարարությանը հանձնարարելով կնքել դրամաշնորհի պայմանագիրը եւ այդպիսով կասեցնել անցանկալի զարգացումները։ Դրանով պաշտպանում ենք հանրակրթության մասնակցային կազմակերպման ֆինանսական նոր մոդելը, որով համայնքները դառնում են իրենց ընտրած կրթության համապատվիրատուն և համակազմակերպիչը։  

Հարգանքով՝ 

Կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյան  
Կրթահամալիրի տնօրենի պաշտոնը կատարող Սուսան Մարկոսյան
Արհեստակցական կազմակերպության նախագահ Լուսինե Փաշայան 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s