Կրթահամալիրի տնօրենի դիմումը աշխատողներին

Հարգելի գործընկերներ

Ես մայիսի 14-ին դիմել եմ կրթահամալիրի կառավարման խորհրդին, Սեբաստացի կրթական համայնքին դիմելուց առաջ դիմում եմ ձեզ, քանի որ հարցը վերաբերում է հեղինակային կրթական ծրագրի շարունակելիությանը, իսկ ծրագրի հեղինակները դուք եք՝ ձեզանից յուրաքանչյուրը։

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իր հիմնադրման օրից՝ 1989 թվականից, գործել է որպես փորձարարական-հետազոտական միավորում՝ հեղինակային կրթական ծրագրերի իրականացման՝ մշակման, կազմակերպման-փորձարկման, տարածման առաքելությամբ: Տարիների ընթացքում մշակվել ու հղկվել են կրթական ծրագրերը՝ իրենց բովանդակությամբ, կազմակերպման ձևերով, շենքային, նյութական, ուսուցողական պայմաններով, բաց ու մշտապես զարգացող շրջակա միջավայրով, իր գործի հեղինակ մանկավարժական աշխատողների համերաշխ հավաքանիով։

Կրթահամալիրում մշակված մանկավարժական հեղինակային ծրագիրը հենվում է կազմակերպմանը մասնակցող կողմերի՝ կրթահամալիրի դասավանդողների, սովորողների, ծնողների, կրթահամալիրի բարեկամների փոխադարձ հարգանքի, վստահության, լիարժեք հաղորդակցության՝ գործընկերության վրա: Կրթահամալիրը հիմա իր վերելքի հերթական շրջանում է: Այդ մասին են վկայում վերջին երկու տարիներին կրթահամալիրում բոլոր կրթական ծրագրերով ընդունելության արդյունքները (2020թ. մայիսի 20-ին կրթահամալիրի դպրոց-պարտեզներ սահմանված կարգով ընդունվել է 157 վեց տարեկան (2019-ի մայիսին՝ 1504 2018-ին` 50), սովորողների ծնողների դրամական ներդրումները, որ կազմում են կրթահամալիրի ընդհանուր ծախսերի մոտ 42%-ը, Բլեյան կրթական բաց ցանցը, սեբաստացի կրթական համայնքը։

Արտակարգ իրավիճակում՝ 2020թ. մարտ-մայիս ամիսներին, համաճարակով պարտադրված սահմանափակումների փուլում կրթահամալիրն իր համայնքով ցուցադրում է առավել ինքնավար-ինքնուրույն, նախաձեռնող-եռանդուն գործելու կարողությունը։ Դրա արտահայտությունն է ընտանեկան դպրոցների գործունեությունը՝ որպես հեղինակային մանկավարժության զարգացում։ Ակնհայտ դարձան կրթահամալիրի ընտրած մանկավարժական գործիքների (ՏՏ միջոցներ, այդ թվում՝ սովորողների և դասավանդողների ուսումնական բաց բլոգներ, ուսումնական օրացույց, ուսումնական նախագծեր), անհատի կրթական պատվերով կարգապահ աշխատելու առավելությունները: Մայիսյան ստեղծագործական բաց հավաքն արձանագրեց, որ  ընտանեկան դպրոցներն սկսում են իրենց զգալ ու գործել որպես Բլեյան կրթական բաց ցանցի հանգույց՝ իր ուսումնական նախագծերով-կյանքով, դրանց իրականացմամբ-ներկայացմամբ:

Այս պայմաններում կրթահամալիրի ղեկավարը պետք է ոչ միայն լավ իմանա կրթահամալիրի անցած ճանապարհը, համակարգի օրը, այլև տեսնի ապագան, նախագծի և կազմակերպի կրթահամալիրի հետագա զարգացումը:

2020թ. սեպտեմբերի 4-ին ես դառնում եմ 65 տարեկան և ՀՀ օրենքի ուժով ՀՀ ԿԳՄՍՆ որոշմամբ դադարեցվում  են իմ լիազորությունները (ՀՀ օրենքը պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին, հոդված 16, կետ 3)։

Մենք սրան պատրաստվել ենք։ Կրթահամալիրի կառավարման խորհրդի փետրվարի 12-ի, ապրիլի 14-ի նիստերում ներկայացրել ենք կրթահամալիրի իրավակազմակերպման ձևի փոփոխության հիմնավորումներ։ Կրթահամալիրը, որպես կրթական հիմնադրամ, հեղինակային մանկավարժության հեղինակներին, կրթական համայնքին ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու, իր ներուժը ամբողջությամբ իրացնելու հնարավորություն կտա։ «Սեբաստացի» կրթական համայնքի նախաձեռնող խումբը ներկայացնում է կրթահամալիրի նոր կանոնադրության աշխատանքային նախագիծը։ Նախագիծը բաց է, հրապարակված կրթական համայնքի բլոգում։

Այս ընթացքում փորձել ենք առաջ քաշել տնօրենի, որ կարող է ստանձնել հեղինակային կրթական ծրագրի հեղինակների հավաքանիի ղեկավարումը։ Դա չի կարող լինել հեղինակային մանկավարժությամբ չանցած, իր գործունեությամբ համայնքի վստահությունը չվաստակած մարդ։ Հարցը վերաբերում է հեղինակային կրթական ծրագրի շարունակելիությանը։ Այս մասին խոսել եմ դպրոցների, քոլեջի ղեկավարների, արհմիութենական կազմակերպության նախագահի, այլ աշխատողների հետ։ Քննարկումներ են եղել կրթահամալիրի ծնողական համայնքի նախաձեռնող խմբի հետ: Համայնքի բաց բլոգի, ընտանեկան դպրոցների գործունեության միջոցով խնդրին ծանոթ է կրթական ողջ համայնքը։ Այս ընթացքում որևէ նոր առաջարկ, այլ լուծում չի եղել, քան իմ տնօրինությունը շարունակելը։ Ահա ինչու, հաշվի առնելով նաև ժամանակը, ես հայտարարում եմ, որ պատրաստ եմ շարունակելու ղեկավարել կրթահամալիրը։ Ահա ինչու՝ դիմում եմ կրթահամալիրի խորհրդին, Ձեզ։

Կրթահամալիրի կրթական համայնքը և կառավարման խորհուրդը՝ որպես կրթահամալիրի համահիմնադիր ՀՀ կառավարության հետ, պետք է որոշեն ո՛ր ճանապարհով շարունակելը՝ առանց փոխելու կրթահամալիրի իրավակազմակերպչական ձևը սպասել սեպտեմբերին, երբ արդեն ես չեմ կարող շարունակել կրթահամալիրի տնօրենի պաշտոնում աշխատելը, սահմանված կարգով հայտարարել մրցույթ, կամ դիմել  ՀՀ ԿԳՄՍՆ, մեր հիմնադիր ՀՀ կառավարությանը՝ կրթահամալիրը որպես հիմնադրամ մինչև սեպտեմբեր վերակազմավորելու առաջարկով:

Հարգանքով՝ Աշոտ Բլեյան

About Հերմինե Անտոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդում եմ մաթեմատիկա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s